Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր՝ ապրիլի 9-ի երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով, որտեղ ասվում է.

«Վեհափա՛ռ Տեր,

Սիրելի՛ բարեկամներ,

Խորին շնորհակալություն եմ հայտնում Երեւան ժամանելու եւ իմ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Այսօր հայկական քսաներկուամյա վերածնված պետականության կարեւոր իրադարձություններից մեկի բերկրանքը կիսում են մեզ հետ մեր բարեկամները, եւ ես դրանում մեծ խորհուրդ եմ տեսնում:

Քաղաքականության ամենահայտնի ասույթներից մեկը հռչակում է` չկան մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ, կան մշտական շահեր: Լիովին համամիտ եմ առաջին պնդմանը` իրավամբ չի կարող բանական մարդկանց թշնամությունը լինել հավերժ: Միամիտ չեմ թերագնահատելու նաեւ շահերի մասին վերջին պնդումը: Սակայն ես հավատում եմ հարատեւ բարեկամությանը: Ես հավատում եմ մարդկանց, ազգերի, ժողովուրդների, երկրների բարեկամությանը: Ապացույցները պետք չէ հեռվում փնտրել, դրանք այստեղ են` մեր ժողովրդի պատմության էջերում:

Ես վստահ եմ, որ հարյուր տարի առաջ հայ որբերին փրկած միսիոները եւ քառորդ դար առաջ ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնած բարեգործը նույն արմատից են ծնվել: Մեկ դար առաջ կործանումից փրկված իմ հայրենակիցներին ապաստան տրամադրող երկրի պաշտոնյան եւ այսօր, այս դահլիճում այդ երկրից ներկա հյուրը, որը մեզ հետ նշում է մեր վերականգնված պետականության ամրապնդման հերթական ուղենիշը, սնվում են նույն արժեքային համակարգից, որի հիմքում են մարդասիրությունն ու բարեկամությունը: Եվ ես համոզված եմ, եթե երկրագունդը չշեղվի իր առանցքից, մեր սերունդներն էլ շարունակելու են ապրել նույն արժեքներով եւ կիսել նույն բարեկամությունը: Սա նաեւ պարտավորեցնող է յուրաքանչյուրիս համար, առավել եւս պետական այրերի, քանզի մեր հայրերի ու պապերի պատգամն է, որ պետք է փոխանցենք գալիք սերունդներին:

Ձեր ներկայությունը նաեւ յուրօրինակ հավաստումն է առ այն, որ մեր վարած արտաքին քաղաքականությունը ճիշտ հունով է ընթանում:

Ես գիտակցաբար չեմ ուզում նշել անուններ ու երկրներ, դաշինքներ ու միություններ: Փոխարենը ցանկանում եմ վստահեցնել՝ մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ եւ վստահելի ողջ աշխարհի մեր բոլոր բարեկամների համար` հյուսիսում թե արեւմուտքում, հարավում թե արեւելքում:

Մենք հավատարիմ ենք մնալու նաեւ ոչ բարեկամ երկրների հանդեպ մեր քաղաքականությանը` միշտ պատրաստ խաղաղ, բանակցային ու տրամաբանական լուծումներ գտնելու, միշտ պատրաստ հաշտության ձեռք մեկնելու, բայց նաեւ միշտ պատրաստ պաշտպանելու մեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր քույրերի ու եղբայրների անդորրն ու անվտանգությունը:

Համոզված եմ, որ վեճերի լուծման խաղաղ, բանակցային ճանապարհն այլընտրանք չունի: Հայկական կողմը նախապայմաններ չի սիրում, չի առաջադրում, բայց չի էլ ընդունում: Առավել եւս չենք ընկնելու սպառնալիքներին սպառնալիքով պատասխանելու կործանարար ծուղակը: Մենք խաղաղություն ենք ուզում, որովհետեւ վստահ ենք մեր ուժերին: Մեր կեցվածքի եւ մեր քաղաքականության վկայությունը մեր քայլերն են:

Հայաստանը շնորհակալ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի խաղաղ հանգուցալուծման ճանապարհի անխոնջ որոնման գործում հետեւողական ջանքերի համար:

Մենք շարունակելու ենք մեր երկրի բարեփոխման, այն ավելի անվտանգ, մրցունակ եւ ժողովրդավար դարձնելու, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների լիարժեք ապահովման մեր ծրագրերը: Հայաստանի դեպքում այդ ուղին այլընտրանք չունի, քանի որ դա է մեր ժողովրդի պահանջն ու ակնկալիքը, դա է բխում մեր ժողովրդի արժեհամակարգից:

Առաջիկա հինգ տարիները լինելու են հանուն ավելի ազատ, ավելի ապահով ու բարեկեցիկ Հայաստանի համար պայքարի տարիներ: Մենք իրականացնելու ենք այն համարձակ տնտեսական եւ սոցիալական ծրագրերը, որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված էինք դանդաղեցնել:

Մենք խորացնելու ենք մեր ներգրավվածությունը տարածաշրջանային եւ միջազգային գործընթացներում եւ մասնակցելու ենք նոր ձեւաչափերի ստեղծմանը: Հայաստանի տնտեսությունը պետք է ինտեգրված լինի գլոբալ շուկաներին, պետք է լինի մրցունակ եւ գրավիչ ներդրումների համար:

Հայաստանը առաջիկայում եւս պատվով իր համեստ ներդրումն է բերելու միջազգային խաղաղապահ ջանքերին, սոցիալական չարիքների դեմ պայքարին, ցեղասպանությունների կանխարգելման գործին:

Հուսով եմ, որ, ինչպես եւ նախկինում, այս ամենն անելու ենք մեր գործընկեր պետությունների աջակցությամբ եւ սերտ փոխգործակցությամբ:

Մեր նախաձեռնություններում մենք մեծապես ապավինում ենք մեր ժողորդի ստեղծարար ներուժին եւ աշխատասիրությանը: Հայորդիները աշխարհով մեկ եւս աչքի են ընկնում հենց այդ հատկանիշների շնորհիվ եւ դրանցով են հաջողությունների հասել տարբեր երկրներում: Լինելով իրենց երկրների լավ քաղաքացիներ՝ նրանք ակտիվ մասնակցությունն են բերել եւ բերում պատմական հայրենիքի՝ Հայաստանի զարգացման գործին, ինչը մեզ կրկնակի ուժեղացնում է:

Գալիք տարիներին մենք ունենալու ենք եզակի հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր պետության զարգացումը, Հայաստանը դարձնելու երկիր, որի հետ բարեկամություն անելը, պատվաբեր լինելուն զուգահեռ, դառնալու է նաեւ խիստ շահավետ:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս միջոցառումներին ձեր մասնակցության համար կրկին շնորհակալություն հայտնելով՝ առաջարկում եմ, որ բաժակ բարձրացնենք հանուն մեր երկրների բարեկամության:

Թո՛ղ Աստված պահպանի մեր ժողովուրդներին եւ մեր բարեկամությունը:

Շնորհակալություն»: