Ֆրանսիայի Սենատը, ապրիլի 9-ին, հավանություն է տվել երկրում նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին օրինագծին: Փաստաթղթի առանցքային կետին կողմ է քվեարկել 179, դեմ՝ 157 սենատոր:

Այս նորմն ընդունվել է առաջին ընթերցմամբ, առանց փոփոխությունների: Ըստ ֆրանսիական օրենսդրության՝ երկրորդ ընթերցումից հետո օրինագիծը համարվում է ընդունված, եթե պալատի անդամներն առարկություններ չեն ներկայացնում: Եթե սենատորները ինչ-որ հարցում չեն համաձայնում, օրինագիծը փոփոխություններով ուղարկվում է ստորին պալատ՝ համաձայնության:

Շաբաթավերջին ֆրանսիացի սենատորներն օրինագիծը կքննարկեն ամբողջական տեսքով: Սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի  ամռան վերջին, երբ կստորագրվի երկրի նախագահի կողմից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր: Այսօր Ֆրանսիայում թույլատրվում են նույնասեռ զույգերի քաղաքացիական միությունները, սակայն սոցիալիստները որոշել են օրինականացնել նման ամուսնությունները եւ թույլ տալ այդպիսի ընտանիքներին երեխա որդեգրել: Այդ քայլի դեմ են հանդես եկել աջ ընդդիմադիրները եւ կաթոլիկ եկեղեցին: