Վենեսուելան փակել է ցամաքային սահմանները Կոլումբիայի եւ Բրազիլիայի հետ՝ կապված նախագահական ընտրությունների հետ, որոնք տեղի են ունենալու ապրիլի 14-ին:

ՆԳ նախարարությունում հայտարարել են, որ մինչեւ ապրիլի 15-ի առավոտ խիստ վերահսկողություն է մտցվել Բրազիլիայի եւ Կոլումբիայի հետ սահմանը հատողների նկատմամբ: Նման միջոցառումները Վենեսուելայի ՆԳՆ-ում բացատրել են հետախուզությունում ստացված տեղեկատվությամբ, թե «որոշ տարրեր հույս ունեն օգտագործել սահմանը՝ երկիրն ապակայունացնելու համար», հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Բացի այդ, հնարավոր դիվերսիաները կանխելու համար ուժեղացվել են անվտանգության միջոցառումները էլեկտրակայաններում, հեռահաղորդակցության գծերում եւ մանրաթելային ցանցերում: Ավելի վաղ պատրաստվող դիվերսիաների մասին հայտնել էր իշխող կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոն, ով այժմ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Ուգո Չավեսի մահից հետո: Այդ կապակցությամբ արդեն կալանավորվել է 17 մարդ:

Բացի այդ, ապրիլի 7-ին Մադուրոն հայտարարել է իր դեմ ուղղված մահափորձի մասին, որի կազմակերպիչների շարքում նշել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներին, ինչպես նաեւ Սալվադորի «ծայրահեղ աջ ուժերին»: