ԿԺԴՀ-ն ավարտել է միջին հեռահարության երկու բալիստիկ «Մուսուդան» հրթիռների լիցքավորումը հեղուկ վառելիքով եւ այժմ պատրաստ է դրանք ցանկացած պահի բաց թողնել արեւելյան Վոնսան քաղաքի շրջանից: Այդ մասին հայտնել են ճապոնական լրատվամիջոցները` վկայակոչելով ամերիկյան հետախուզական աղբյուրները:

Վոնսանի շրջանում տիեզերական հետախուզությունն արձանագրել է երկու շարժուն համակարգեր` «Մուսուդան» հրթիռներով: Դրանք կարող են խոցել թիրախներ Ճապոնիայի ողջ տարածքում, նաեւ ամերիկյան խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում: Զուգահեռ Համգյոն-Նամդո նահանգում նկատել են եւս մեկ հրթիռային ստորաբաժանում, որի կազմում ընդգրկված են մինչեւ հինգ շարժուն համազարկային համալիրներ` «Սկադ» եւ «Նոդոն» հրթիռներով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ ԿԺԴՀ մամուլը ոչինչ չի հաղորդում հրթիռների հնարավոր արձակման մասին: Հյուսիսկորեական թերթերի գլխավոր թեման երկրի գլխավոր տոնն է` Կիմ Իր Սենի ծննդյան օրը, որը նշվում է ապրիլի 15-ին: