Ապրիլի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Շտեֆան Զգոնեային:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Գարեգին Բ-ն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին` նշելով նաեւ, որ ռումին ժողովրդի խորը հավատքի, մարդասիրական ազնիվ ոգու շնորհիվ է, որ հայ ժողովրդի զավակները Ռումինիայում կարողացել են կերտել իրենց հոգեւոր մշակութային արժեքները, նշանակալի ներդրում ունենալ Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում եւ որպես եղբայրներ ապրել ռումին ժողովրդի կողքին: Նա ընդգծել է նաեւ, որ երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած է նաեւ Եկեղեցին:

Իր հերթին Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդումը` նշելով, որ պատմությունն ու մշակույթն արդեն իսկ մոտեցնում են երկու ժողովուրդներին: Վալերիու Շտեֆան Զգոնեան անդրադարձել է նաեւ եկեղեցու կարեւոր դերակատարությունը ժողովուրդների կյանքում խաղաղության հաստատման գործում:

Հանդիպմանը ներկա են եղել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիկսոպոս Հակոբյանը եւ Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Կրինա Ռոդիկա Պրունարիուն: