Կարեւոր է, որ բարդ հարցերը լուծվեն երկխոսության եւ հաղորդակցման միջոցով, եւ լուծում գտնեն, որ կբավարարի բոլոր շահագրգիռ կողմերին: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Երեւանում ապրիլի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:
Պատասխանելով հարցին, թե Չեխիայի եւ Սլովակիայի անարյուն բաժանումից ի՞նչ դրական փորձ կարելի է քաղել ղարաբաղյան կարգավորման մեջ կիրառելու համար, նախարարը նկատել է, թե «չի կարելի սեփական արվեստն առաջարկել այլ երկրների»: Միրոսլավ Լայչակը նշել է, թե յուրաքանչյուր պետություն եւ ժողովուրդ ունի իր շահերն ու իր լուծումները:
«Իհարկե, չեխ-սլովակյան դեպքը յուրահատուկ է: Քանի որ մենք եղել եւ մնացինք բարեկամներ, միգուցե` հիմա ավելի լավ բարեկամներ: Բաժանվելով մենք իրար ասացինք, որ կհանդիպենք ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում: Ամենը, ինչ արեցինք, արեցինք` հաշվի առնելով միմյանց հայացքներն ու շահերը` եվրաինտեգրման ուղիով ընթանալու համար: Ես միշտ զուսպ եմ արձագանքում, երբ հարցնում են մեր փորձի եւ խորհուրդների մասին: Յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, ունի իր պատմությունն ու շահերը»,- նշել է Լայչակը:




























