Երեւանի եւ Բրատիսլավայի միջեւ որեւէ խնդիր կամ հարց չկա: Այդ մասին  հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Երեւանում, այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Սա արդեն Միրոսլավ Լայչակի չորրորդ այցն է Հայաստան: Ներկայիս այցի արդյունքները նախարարը բավական դրական է գնահատել` հատկապես հաշվի առնելով Երեւանում կայացած բիզնես-համաժողովը:

Երկու նախարարների հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, Լայչակը շնորհավորել է Հայաստանին Ասոցացման համաձայնգրի շուրջ բանակցությունների հաջող առաջընթացի եւ ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման կապակցությամբ` նշելով, որ Սլովակիան աջակցում է Եմ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին:

Էդվարդ Նալբանդյանի գնահատականով երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, կա համագործակցության մեծ պոտենցիալ:

Ի դեպ, այսօր Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ լայչակը ստորագրել են համաձայնագիր առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ: