Գվատեմալան ճանաչել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն եւ հույս ունի, որ այդ քայլը կօգնի Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը: Այս մասին ասվում է այսօր՝ ապրիլի 10-ին տարածված, Գվատեմալայի նախագահի հայտարարության մեջ:
«Գվատեմալան որոշել է միանալ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների մեծամասնությանը եւ ճանաչել ինքնիշխան եւ անկախ Պաղեստինը»,-ասված է փաստաթղթում:
Գվատեմալայի իշխանությունները հույս ունեն, որ մոտ ժամանակներս պաղեստինա-իսրայելական կարգավորման բանակցություններին նոր խթան կտրվի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Մեր որոշումը ոչ մի դեպքում չպետք է խախտի Իսրայելի հետ բարեկամությունն ու համագործակցությունը»,-ասված է հայտարարությունում:
Պաղեստինի պետականությունը ներկայումս ճանաչել են ավելի քան 130 երկրներ, այսինքն ՄԱԿ-ի անդամ 193 երկրների մոտ 2/3-ը: Նախորդ տարվա նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ճանաչել է Պաղեստինը որպես կազմակերպության դիտորդ անդամ: Համապատասխան բանաձեւին հավանություն են տվել 138 երկրների ներկայացուցիչներ:




























