«Նախագահի գործունեությանը լավագույն գնահատականն, իհարկե, տալիս է ժողովուրդը, սակայն ես կարծում եմ, որ չնայած մեր երկրում առկա ճգնաժամային իրավիճակներին եւ մի շարք այլ դժվարություններին՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում դրական տեղաշարժեր նկատվում են», NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկամյա պաշտոնավարման մասին։
Նշելով, որ վերջինիս հաջողվում է երկրի ներքին կյանքն աստիճանաբար տանել դեպի համերաշխության մթնոլորտ, ՀՀԿ մամուլի քարտուղարը դրա հիմքը համարեց նախագահի կողմից միմյանց լսել կարողանալու եւ «մեկս մյուսին չոչնչացնելու» ավանդույթի ձեւավորումը։ «Դրա վառ ապացույցներից են Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները քաղաքական բոլոր ուժերի հետ, Հանրային խորհրդի ձեւավորումը, հաճախակի ուղերձները ժողովրդին եւ մարզային այցելությունները»,- նշեց Է. Շարմազանովը։
Նրա խոսքով, առաջընթաց նկատելի է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում. "Մեծ ձեռքբերում է հենց միայն այն, որ շրջանառության մեջ է դրվել «ազգերի ինքնորոշման» տերմինը, որի տակ ստորագրել է նաեւ Ադրբեջանը։
Անդրադարձ կատարելով նախագահի՝ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում իրականացրած արտաքին քաղաքականությանը՝ ՀՀԿ մամուլի քարտուղարն անվիճելի համարեց, որ Հայաստանի վարկն այս ընթացքում միջազգային ասպարեզում զգալիորեն բարձրացել է. «Սերժ Սարգսյանի նախաձեռնողական, հստակ եւ ճկուն քաղաքականությունն արժանացել է միջազգային բոլոր ուժերի բարձր գնահատականին»,- ընդգծեց Է. Շարմազանովը` միեւնույն ժամանակ նշելով, որ խնդիրներ ու բացթողումներ, այնուամենայնիվ, կան. «Հայաստանն անմասն չմնաց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, սակայն ի շնորհիվ նախագահի վարած ճիշտ քաղաքականության՝ դրա հետեւանքները հնարավորինս մեղմվեցին»,-համոզմունք հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ ընդգծելով, որ դա խոսում է իշխանությունների քաղաքական կամքի մասին։
Ամփոփելով՝ Է. Շարմազանովը նկատեց, որ պաշտոնավարման երկու տարիներին նախագահ Սարգսյանը «երբեք չարեց ամբոխահաճո, պոպուլիստական հայտարարություններ եւ երբեք չընկավ դեմագոգիայի գիրկը»։
Նշենք, որ փետրվարի 19-ին լրացավ երկու տարին այն օրից, երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ:




























