Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչին նպաստում են եւ միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը եւ փոխադարձ այցերն ու շփումները:
Աբրահամյանը կարեւորել է համագործակցությունը միջազգային ասպարեզում, հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը խոսել է տնտեսական համագործակցության կարեւորության մասին, նշելով, որ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ հասցնել քաղաքական համագործակցության մակարդակին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն շնորհավորել է նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակի եւ վերընտրվելու կապակցությամբ, ինչը վկայում է ժողովրդի բարձր վստահության մասին: Նա կարեւորել է միջխորհրդարանական գործակցությունը եւ օրենսդրական փորձի փոխանակումը: Բարձր է գնահատվել միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որը մեծապես կարող է նպաստել խորհրդարանական կապերի խորացմանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, միջռեգիոնալ համագործակցության կայացմանը: Պարոն Անդրեյչենկոն կարեւորել է համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում` նշելով, որ երկու երկրները առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված ներուժ ունեն, որն օգտակար եւ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար:



























