Նիդերլանդների ԱԳՆ նախկին աշխատակից Ռայմոնդ Պուտերային մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար:

Տեղի դատախազության տվյալներով՝ 61-ամյա դիվանագետը 7 տարի շարունակ գաղտնի տեղեկություններ է փոխանցել Ավստրիայի քաղաքացիներ Անդրեաս եւ Հայդրուն Անշլագներին, ովքեր, իրենց հերթին, աշխատել են Ռուսաստանի արտաքին հետախուզության համար:

Հոլանդացին ռուսների օգտին լրտեսություն է արել 2005-ի հունվարից մինչեւ 2012-ի մարտը: Անշլագ ամուսիններին փոխանցմած նյութերը զինվորական եւ քաղաքական գաղտնիքներ են պարունակել, որոնք վերաբերում են Նիդերլանդների՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ փոխհարաբերություններին, գրում է Dutch News-ը:

Քննությունը Պուտերային կասկածում է Աննա Չափմանի հետ համագործակցելու մեջ, ով ԱՄՆ-ից արտաքսվել է 2010 թվականին՝ ռուսական լրտեսական ցանցի բացահայտումից հետո, հաղորդում է Utro.ru-ն:

Իր լրտեսական գործունեության ընթացքում դիվանագետը շուրջ 72 հազար դոլար է աշխատել: Նա հասցրել է մոտ 450 գաղտնի փաստաթղթեր փոխանցել: Պուտերայը կալանավորվել է 2012-ի ապրիլին, Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանում, որտեղից պատրաստվում էր թռչել Բանգկոկ:

Ինչ վերաբերում է Անշլագ ամուսիններին, նրանք ձերբակալվել էին Գերմանիայում դեռեւս 2011-ի հոկտեմբերին: Նրանց գործը հիմա քննվում է Շտուտգարդի դատարանում: