Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին եւ ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւոր է համարել Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշել է, որ թեեւ հայ խորհրդարանականներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի իսպանացի պատգամավորների հետ, սակայն դեռեւս թույլ են կապերը Իսպանիայի խորհրդարանի հետ:

Արտակ Զաքարյանն անհրաժեշտ է համարել նաեւ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ համագործակցության արդյունքում զարգացնել եւ ամրապնդել միջխորհրդարանական հարաբերությունները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ առաջնահերթությունները, անդրադարձել տարածաշրջանային հիմնախնդիրներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ ժողովրդավարության ամրապնդման գործընթացին: Ըստ նրա՝ կարեւոր է, որ Իսպանիայի խորհրդարանականները զերծ մնան Ադրբեջանի հակահայկական քարոզչական ազդեցությունից: Նշվել է, որ այս օրերին Իսպանիայում են գտնվում հայ պատգամավորները. նրանք մասնակցելու են խորհրդարանում կազմակերպվելիք քննարկումներին, ինչի համար Արտակ Զաքարյանը երախտագիտություն է հայտնել իսպանական կողմի աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հարավային Կովկասի հարցերով դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Մարիա Պլիեգոն նշել է, որ Իսպանիան հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես՝ Հայաստանով եւ ցանկանում է խորացնել այդ երկրների հետ իր հարաբերությունները:

Երկկողմ կապերերի ամրապնդման գործում կողմերը կարեւորել են փոխադարձ այցելություններն ու շփումները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ողջունելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը՝ Իսպանիայի ներկայացուցիչը նկատել է, որ այն դրական ազդեցություն կունենա նաեւ տարածաշրջանի վրա:

Հյուրի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի եւ մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Իսպանիայի տնտեսական ճգնաժամին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Մարիա Պլիեգոյին Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: