Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հակասական արձանագրությունների հետ կապված գործընթացի հենց սկզբից ակնհայտ էր, որ դրանց բովանդակությունը որոշակի արձագանք է ստանալու հայկական Սփյուռքում, Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia պարբերականի էջերում գրում է վերլուծաբան Խորխե Ռուբեն Ղազանչյանը:

Ըստ Ղազանչյանի՝ «նրանք, ովքեր դեմ են այդ արձանագրությունների կյանքի կոչմանը, փորձում էին գիտակցության բերել պատասխանատուներին եւ մատնանշել դրանց անկատարությունը: Սակայն բազմամարդ Սփյուռքի կոչերը արհամարհվեցին: Բայց, ցավոք, Սփյուռքի ոչ բոլոր ներկայացուցիչներն ու հաստատություններն են հետեւել խղճի ձայնին, այլ նախընտրեցին առաջնորդվել սեփական շահերով»:

Ղազանչյանը նշում է նաեւ, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծես հասկացել է իրավիճակի ողջ լրջությունը, ինչի մասին է վկայում նրա ելույթը Մեծ Բրիտանիայում: Սակայն եթե նրա հետագա գործողությունները չհամընկնեն Լոնդոնում ասվածի հետ, Հայաստանի դիրքորոշումը բավական թուլացած կլինի: Հասել է պահը, որ հանդես գան Թուրքիայի ժխտողական քաղաքականության եւ մեծ տերությունների եսակենտրոն շահերի դեմ: Հայաստանի խորհրդարանը շուտով սկսելու է արձանագրությունների քննարկումը: Թուրքիան սառեցնում է գործընթացը: Անկարան չի կատարել անգամ ԵՄ բանաձեւերի պահանջները քրդական եւ կիպրական հարցերով: Ինչո՞ւ նա պիտի պատվով վարվի Հայաստանի հետ…»: