Աֆղանստանի հյուսիսային Սամանգան նահանգում գնդակահարված մոջահեդների երկու զանգվածային գերեզման են գտել, որոնք, ենթադրաբար, վերաբերում են 1980-ական թվականներին:
«Փաժվաք» գործակալության տվյալներով՝ գերեզմանները գտել է գյուղացիներից մեկը՝ ջրհոր փորելու ժամանակ: Զանգվածային գերեզմանների վայր ժամանած իրավապահները գերեզմաններից մեկում 20, իսկ մյուսում 10 դիակի հետքեր են գտել: Այբակի շատ բնակիչներ ճանաչել են իրենց սպանված հարազատներին՝ հագուսների օգնությամբ: Տեղի բնակիչները պնդում են, որ նախկին մոջահեդների գնդակահարությունը տեղի է ունեցել 1983 թվականին, խորհրդային զորքերի Աֆղանստանում եղած ժամանակաշրջանում:
Քննիչների խոսքով՝ բոլոր սպանվածների գանգերի վրա նմանատիպ անցք է եղել, իսկ ձեռքերի ոսկորները եղել են հետեւի մասում: Սա հիմք է տալիս պնդելու, որ այդ մարդկանց գնդակահարել են ձեռքերը կապած վիճակում:




























