Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն, այսօր՝ ապրիլի 15-ին, հանդիպել է Քուվեյթի Պետության տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար շեյխ Սալման Սաբահ Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ, ով համատեղում է նաեւ մշակույթի նախարարի գործառույթները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվության բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել հայ-քուվեյթյան փոխգործակցության ներկա մակարդակի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մշակույթի բնագավառում արձանագրված առաջընթացին, ինչի կապակցությամբ նախարարն իր աջակցությունն է հայտնել նախատեսվող ծրագրերի եւ միջոցառումների հետագա կյանքի կոչմանը:
Իր հերթին Դեսպան Չարչօղլյանն անդրադարձել է վերջերս Քուվեյթի լրատվական ազգային գործակալության պատվիրակության՝ Երեւան կատարած այցելության արդյունքներին՝ կարեւորելով վերջինիս եւ «Արմենպրես»-ի միջեւ ստորագրված համագործակցության փաստաթուղթը որպես խոստումնալից սկիզբ տեղեկատվության ոլորտում կապերի հետագա ընդլայնման համար:
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության հարցեր:




























