Այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը եւ քննարկել հնարավոր զարգացումները:  Բացելով գիտաժողովը` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ընդգծել է. «Թեեւ ԵՊԼՀ-ն արդեն համագործակցում է Կորեական հիմնադրամի հետ, մենք կցանկանայիք ավելի լայնացնել մեր համագործակցության շրջանակները»:

Անդրադարձ կատարելով ակադեմիական շրջանում հայ-կորեական համագործակցությանը` ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը  իր խոսքում նշել է. «Սկզբում կորեերենը մեզ մոտ դասավանդվում էր որպես օտար լեզու, այնուհետեւ որպես երկրորդ եւ երրորդ լեզու, իսկ այժմ աշխատում ենք այն մասնագիտական լեզու դարձնելու ուղղությամբ» եւ հավելել. «Մեծ է Կորեական հիմնադրամի եւ ԵՊԼՀ դասախոսական անձնակազմի ջանքերով ստեղծված բառարանի դերը եւ ներկայումս աշխատանքներ են տարվում այն էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ»:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Հայաստանում Կորեայի դեսպանության խորհրդական Փակ Ջի Ընը նշել է, որ հիացած է Կորեայի մշակույթի եւ լեզվի մասին հայ փորձագետների գիտելիքներով, ինչպես նաեւ հույս հայտնել, որ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովից կհեռանան Կորեայի մասին առավել խորը գիտելիքներով:

Տիկին Փակը անդրադարձել է նաեւ հայ-կորեական տարեկան առեւտրային շրջանառությանը, հայ-կորեական համատեղ կազմակերպված կամ որեւէ կողմից մասնակցություն ցուցաբերած այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են digital expo-ն, 2012թ. հայ-կորեական դիվանագիտական հարաբերություններին նվիրված «Կորեական ռապսոդիան» եւ այլն:

ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն պետ պարոն Տիգրան Սահակյանը իր ելույթում կարեւորել է «սոցիալական գործընկերության եռանկյունու մեջ կրթության դերը»` մասնավորապես կորեերենի եւ կորեական մշակույթի դասավանդումը հայ-կորեական հարաբերությունների խորացման գործում եւ հավելեց. «ԵՊԼՀ-ն, փաստորեն, այս հարցում մենաշնորհ ունի»:

Իսկ Յոնսե համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր պարոն Լի Յոնհոն ողջունել է հատկապես կորեերեն ուսումնասիրող ուսանողներին եւ ասել. «Մասնավորապես Ձեզ եմ ողջունում, քանի որ դուք եք հայ-կորեական համագործակցության ապագա կամուրջը»:  «Կորեայի տնտեսական զարգացումը եւ կառավարության դերը» խորագրով իր զեկույցում Լին փորձել է գիտաժողովի մասնակիցների եւ փորձագետների հետ ներկայացնել Կորեայի տնտեսության զարգացման փորձը եւ ցույց տալ այն սխալները, որոնցով նրանք արդեն անցել են:

Հիշեցնենք, որ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը  համատեղ կազմակերպել էին Կորեական հիմնադրամը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: