Բոսթոնում միջազգային մարաթոնի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա, վիրավորվել է 144 մարդ, որոնցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով CNN-ը, ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն: Հետաքննությունը վարում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Այդ պայթյունները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամենախոշոր ահաբեկչական ակցիան էին ԱՄՆ-ում:
«Մենք դեռեւս չգիտենք՝ ով է արել եւ ինչու, եւ մենք չպետք է շտապենք հետեւությունների հարցում, բայց, անկասկած, մենք ամեն բան մինչեւ վերջ կպարզենք, կգտնենք հեղինակին եւ կստիպենք պատասխան տալ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ազգին ուղղված ուղերձում, նաեւ կոչ անելով աղոթել ողբերգության զոհերի համար:
Պայթուցիկ սարքերը փոքր հզորության են եղել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Պայթյունների վայրում արդյունաբերական արտադրության պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել, ինչըև կարող է վկայել, որ դրանք ինքնաշեն են եղել: Ենթադրաբար, ռումբերը գործի են դրել հեռակառավարմամբ՝ բջջային հեռախոսի օգնությամբ: Պայթւյուններից մոտ 40 րոպե անց Բոսթոնում բջջային կապն անջատվել է՝ բացառելու համար այլ պայթուցիկ սարքերի կիրառման հնարավորությունը: Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը դեպքի վայրում եւս 5 պայթուցիկ սարք է գտել, որոնք չեն պայթել, հաղորդում է Wall Street Journal թերթի կայքը:
ԱՄՆ-ում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները նաեւ Սպիտակ Տանը եւ Պենտագոնի շրջակայքում: Նյու Յորքում ավելացրել են պարեկային հսկողությունը զբոսաշրջիկների այցելության վայրերում եւ կարեւոր օբյեկտների մոտ:
Բոսթոնի պայթյունները Twitter-ի միկրոբլոգների ծառայությունում ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել: Twitter-ի գլխավոր համաշխարհային թրենդներում է հայտնվել #prayforboston արտահայտությունը: Օգտատերերն այդ արտահայտությունն օգտագործելով տեղեկատվություն են փոխանակում տեղի ունեցածի մասին եւ իրենց աջակցությունը հայտնում տուժածներին:




























