Հյուսիսային Կորեայի գերագույն հրամանատարությունը վերջնագիր է ներկայացրել իր հարավային հարեւանին: Երկրի ղեկավարությունը պահանջել է դադարեցնել Փհենյանի դեմ ուղղված թշնամական գործունեությունը: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն ու բանակը «զայրույթից եռում է այդ հրեշավոր հանցագործության առթիվ»:

Հանցագործություն է համարվում հարավկորեական ակտիվիստների ակցիան, ովքեր ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 101-րդ տարեդարձի օրը՝ ապրիլի 15-ին, Սեուլում այրել են նրա դիմանկարը: Նրանք նույնկերպ այրել են Կիմ Չեն Իրի եւ ԿԺԴՀ ներկա ղեկավար Կիմ Չեն Ընի դիմանկարները, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Վերջնագրում ասվում է, որ «հարավկորեական խամաճիկների» կողմից նոր վիրավորանքների դեպքում ԿԺԴՀ-ն կհարձակվի առանց զգուշացման: Միաժամանակ, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ եթե Հարավային Կորեան ցանկանում է երկխոսություն սկսել երկու երկրների միջեւ, ապա նախ պետք է ներողություն խնդրի իր «վիրավորական գործողությունների» համար:

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ խստորեն կպատասխանեն ԿԺԴՀ-ի կողմից ցանկացած սադրանքի: