Հորդանանի սալաֆիների խմբավորումների առաջնորդը ողջունել է ԱՄՆ բոսթոնյան մարաթոնում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Մոհամեդ ալ-Խալաբին հայտարարել է, որ երջանիկ է տեսնել, թե ինչ է հիմա կատարվում ԱՄՆ-ում, քանի որ «ամերկյան արյունը ավելի արժեքավոր չէ, քան մահմեդականներինը»:
«Թող ամերիկացիներն զգան այն ցավը, որը մենք ենք զգացել, երբ նրանց բանակը օկուպացրել էր Իրաքն ու Աֆղանստանը եւ սպանում էր մեր մարդկանց»,-հայտարարել է Մոհամեդ ալ-Խալաբին:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Մոհամեդ ալ-Խալաբին 2003-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նրան մեղադրել էին Հորդանանում ԱՄՆ եւ այլ արեւմտյան երկրների դեսպանատներում ահաբեկչությունների փորձի մեջ: Սալաֆիների խմբավորումը, որը նա գլխավորում է, արգելված է Հորդանանում:
Ըստ «ՌԻԱ նովոստիի», Հորդանանի ոստիկանությունը ուժեղ հսկողություն է սահմանել Ամմանուն ԱՄՆ դեսպանատան վրա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 15-ին Բոսթոնում մարաթոնի ամփոփիչ փուլում, որին մասնակցելու էր եկել մոտ կես մլն մարդ, երկու պայթյուն է որոտացել: Վերջին տվյալներով, զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա: Տուժել է 144 մարդ, որոնցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է:




























