Բոսթոնում մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ականատեսներից մեկը լուսանկարել է կասկածելի մի մարդու, ով շինություններից մեկի տանիքին հետեւում էր պայթյուններին, ինչից հետո անհետացել է։

Ցանցում հայտնված լուսանկարների շարքը ենթադրությունների ալիք է բարձրացրել, թե իբր անծանոթը մասնակից է ահաբեկչության կազմակերպմանը։

ՀԴԲ-ի Բոսթոնի բաժանմունքը դիմել է նրանց, ովքեր տեղեկություն կամ լուսանկարներ ունեն, որոնք կարող են օգնել քննությանը։ «Ցանկացած մանրուք այս պահին կարեւոր է մեզ համար», - հայտնել է բյուրոն իր կայքում։

Որոշ տվյալներով, ԱՄՆ իշխանությունները գիտեն, որ փնտրվող ահաբեկիչը սեւամորթ տղամարդ է, հայտնում է Life News-ը։

Հրատարակությունը նաեւ հայտնում է, որ շատ խարդախներ փորձում են ողբերգության հաշվին գումար աշխատել. սոցցանցերում ստեղծվում են տասնյակ կեղծ հաշիվներ, իբր՝ տուժածների համար գումար հավաքելու։ Ահաբեկչությունից անմիջապես հետո Թվիթերում հայտնվել է @ _BostonMarathon կայքը։ Այդտեղ յուրաքանչյուր գրառման դիմաց առաջարկվել է 1 դոլար փոխանցել տուժածների հաշվին։ Մեկ ժամից էլ քիչ ժամանակում կեղծ էջի բաժանորդների թիվն անցել է 850-ից։ Կարճ ժամանակում այդ գրությանն արձագանքել է 52 000 մարդ։ Մի քանի ժամից Թվիթերի ադմինիստրացիան փակել է կեղծ էջը։