Եվրամիության հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմում գրանցված աշխարհագրական նշումները փոխադարձաբար պետք է ճանաչվեն ու պաշտպանվեն: Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ով գլխավորում է ՀՀ բանակցային թիմը Եվրամիության հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կոնյակին ու շամպայնին:
«Կոնյակի շուրջ համընդգրկուն եւ ծավալուն քննարկումներ են եղել, ներկայում էլ հարցը օրակարգում է: Հուսով եմ եվրոպական կողմի հետ գտնել այնպիսի լուծում, որը բխելով միջազգային ընդունված նորմերից ու օրենսդրությունից, այնուամենանիվ չի վնասի տեղական արտադրողին, անակնկալ ու կտրուկ որոշումներ չեն լինի»,- ասաց Գ. Մելքոնյանը: Նրա տեղեկացմամբ՝ «կոնյակ» բառը պաշտպանված է եվրոպական օրենսդրությամբ, գրանցված է որպես աշխարհագրական նշում: Հայկական կողմը եվրոպական գործընկերներին ներկայացրել է, որ կոնյակը Հայաստանում ընկալվում է որպես ապրանքի տեսակ, այս հարցով քննարկումները դեռ չեն ավարտվել; Քննարկումներ են կազմակերպվում նաեւ մասնավոր հատվածի հետ:
Նույնը վերաբերում է նաեւ շամպայնին, թեեւ, ըստ Գ. Մելքոնյանի, շամպայնը Հայաստանի տնտեսության համար նմանատիպ զգայնություն եւ ծավալայնություն չունի, ինչպես կոնյակը:



























