Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 16-ին, ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը նորանշանակ դեսպանին հաջողություն է մաղթել պատասխանատու աշխատանքում` վստահություն հայտնելով, որ հետագա գործունեությամբ նա կնպաստի երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Ա. Գեւորգյանը  գոհունակություն է հայտնել, որ ուշադրություն է դարձվում նաեւ մարզերում եւ համայնքներում զարգացման ծրագրերի իրագործմանը:

Կողմերը մասնավորապես անդրադարձել են մարզերում որոշ ծրագրերի շարունակման, համայնքների զարգացմանն ուղղված փոքր ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հնարավորություններին: Նման ծրագրեր հնդկական կողմն իրականացնում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ  համագործակցությամբ:

Մասնավորապես, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է  Լոռիի մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցը: Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում դպրոցներն ապահովվել են համակարգչային արդիական տեխնիկայով եւ գույքով: Դեսպանը նշել է, որ հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել նույն ծրագիրը մեկ այլ մարզում: Քննարկվում է նաեւ համայնքներում փոքր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում:

Ա. Գեւորգյանը ողջունել է նման մտադրությունը: Անդրադառնալով  համակարգչային դասարանների ստեղծման ծրագրին` նա նկատեց, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է  մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը,  ներկայումս համայնքներում կատարվում են էլեկտրոնային  համակարգերի ներդրման  աշխատանքներ, եւ հնդկական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագիրը համահունչ է այդ նպատակին:  Ա. Գեւորգյանը տեղական հումքով աշխատող փոքր արտադրությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը եւս կարեւոր է համարել համայնքների զարգացման տեսանկյունից:  Նա նշել է, որ հայկական կողմը  շահագրգռված է  նման նախագծերի իրականացմամբ եւ աջակցության պատրաստակամություն հայտնել: