Այսօր՝ ապրիլի 16-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկ. Մարսելա Մարիա Նիկոդեմոսին:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Գարեգին Բ-ն հրաժեշտ է տվել դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնելով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքների համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բրազիլիայի հայ համայնքի եւ Բրազիլիայի հայոց թեմի կյանքին, նշվել է, որ թեմն ու համայնքը կարեւոր կամուրջ են երկու երկրների միջեւ եւ նպաստում են երկուստեք հարաբերությունների ու համագործակցության առավել սերտացման:

Վերջում Գարեգին Բ-ն հաջողություն է մաղթել տիկին դեսպանին` իր հետագա ծառայության մեջ: