Բրյուսելում ու Անտվերպենում բելգիացի ոստիկանների մասշտաբային գործողության արդյունքում ձերբակալվել է Sharia4Belgium (Շարիաթ Բելգիայի համար) ծայրահեղական կազմակերպության առաջնորդ Ֆուադ Բելքասեմն ու էլի մոտ 20 մարդ։ Ձերբակալությունն անմիջական կապ ունի այն բանի հետ, որ վերջին ժամանակներս բելգիացի երիտասարդներին հավաքագրում են Սիրիայում որպես վարձկաններ:

Ձերբակալված Ֆուադ Բելքասեմին երիտասարդ եվրոպացիներին հավաքագրելու եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ մարտնչող իսլամիստական զինյալների շարքերում պատերազմ ուղարկելու մեղադրանք կներկայացվի, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍը։

Ավելի վաղ բելգիական «Սյուրտե» հակահետախուզությունը հայտարարել էր, որ Բերգիայի՝ մարտական գործողություններին մասնակցած եւ տուն վերադարձած քաղաքացիներին համարում է երկրի անվտանգությանը սպառնացող «պոտենցիալ ահաբեկչական վտանգ»։ Թագավորության ոստիկանության ձեռքի տակ կան հաստատված տվյալներ, ըստ որոնց Սիրիայում զինյալների շարքերում կռվում է Բելգիայի մոտ 80 քաղաքացի։