Թուրքիայի կառավարությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից երաշխիքների է սպասում, որ Հայոց ցեղասպանության հարցը կրկին օրակարգ չի բերվի՝ 2012-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումից հետո: Բացի այդ, Անկարան սպասում է, որ Օլանդը «հստակ կբացատրի իր դիրքորոշումը» Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման վերաբերյալ: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն:

Այցով Փարիզում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի այցի ամսաթիվը պետք էորոշվի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Այդուհանդերձ, նա երկու պայման է դրել, որոնց դեպքում «Ֆրանսիան պետք է կատարի առաջին քայլը»:

Առաջին պայմանը վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Մենք գիտենք, որ այդ օրենքը կարող է վերադառնալ օրակարգ... Ֆրանսուա Օլանդը պետք է հստակ պարզաբանի, թե որն է իր դիրքորոշումն այս հարցում»,-ասել է Առընչը, ակնհայտորեն հույս ունենալով, որ Ֆրանսիայի նախագահը կբացառի նմանատիպ օրինագծի առաջխաղացումը, որը կկարողանա շրջանցել Սահմանադրական խորհրդի որոշումը:

Եթե նոր օրինագիծ բերվի օրակարգ, Թուրքիան իրեն իրավունք կվերապահի վերադառնալ պատժամիջոցներին, որոնք նա չեղյալ էր հայտարարել Ֆրանսուա Օլանդի նախագահ ընտրվելու հաջորդ օրը: Երկրորդ պայմանը վերաբերում է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: