ԱՄՆ ռազմական ոստիկանության աշխատակից Ուիլյամ Քոլթոն Միլլեյը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Ռուսաստանի օգտին լրտեսության համար: Դատարանի որոշմամբ, նա նաեւ զրկվելու է զինվորական կոչումից եւ զինված ուժերից որեւէ թոշակ կամ նպաստ չի ստանա:

8 զինվորականներից բաղկացած տրիբունալը պահանջում էր նրան դատապարտել 19 տարվա ազատազրկման, սակայն դատավորը կրճատել է ժամկետը, քանի որ 24-ամյա զինվորականն ընդունել էր մեղքը եւ համագործակցել քննության հետ, հաղորդում է RBC-ն:

Նիստի ընթացքում պետական մեղադրողը Միլլեյին անվանել է «սպիտակ շովինիստ», ով պատրաստ է սպառնալիքի տակ դնել ընկերների կյանքը եւ բոլոր գաղտնիքները վաճառել հակառակորդին:

Հիշեցնենք, որ զինծառայողը գաղտնի տեղեկությունները փոխանցել էր ՀԴԲ-ի գործակալին, ով ներկայացել էր որպես օտարերկրյա հետախույզ: Տեղեկատվությունը վերաբերել է ԱՄՆ ազգային պաշտպանությանը:

Միլլեյը ծառայել է ռազմական ոստիկանությունում` Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն միացյալ ռազմակայանում: Նա նաեւ ծառայել է Իրաքում եւ Հարավային Կորեայում: Նրան ձերբակալել են 2011թ. աշնանը, ՀԴԲ-ի եւ հակահետախուզության համատեղ գործողության արդյունքում, գրում է Lenta.ru-ն:

Ռազմակայանը, որում ծառայում էր զինծառայողը, Արկտիկական տարածաշրջանում խոշորագույնն է: