Գուանտանամոյում ԱՄՆ ռազմակայանում բախումների ֆոնին, որտեղ դատապարտյալները հացադուլ են անում արդեն երեք ամիս, ամերիկյան իրավապաշտպանները հանդես են եկել հօգուտ դատապարտյալների: Նրանք ծավալուն զեկույց են պատրաստել, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ ԿՀՎ աշխատակիցների կողմից 2001թ.-ից հետո տեղի ունեցած խոշտանգումների մասին: Փորձագետների խոսքով, փաստաթղթերը բարձրացնում են Բուշ-կրտսերի եւ նրա խորհրդականների` հանցագործություններին մեղսակից լինելու հարցը, հայտնում է The New York Times-ը:

577-էջանոց զեկույցը, որից կտորներ են հրապարակվել թերթում, պատրաստել է ամերիկյան «Սահմանադրական նախագիծ» ՀԿ-ն: «Այն փաստը, որ ԱՄՆ-ում կտտանքներ են կիրառվել, անառարկելի է»,- ասել է Էյսա Հաթչինսոնը, ով թմրանյութերի դեմ պայքարի վարչության ղեկավարն է եղել նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք:

Իր զեկույցում ՀԿ-ն մանրամասն նկարագրել է կտտանքները: Մասնավորապես, բացի հայտնի ջրով կտտանքից (հարցաքննվողի մասնակի խեղդում), դատապարտյալներին խփել են պատերին, շղթայել, ստիպել են ժամերով նստել անհարմար դիրքում, եւ օրեր շարունակ արգելել են քնել: