Նյու Յորքի Լա Գարդիա միջազգային օդանավակայանում արտակարգ տարհանում է իրականացվել՝ կասկածելի առարկայի մասին ահազանգի պատճառով, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Օդանավակայանի ուղեւորներն ու անձնակազմը կենտրոնական տերմինալից տարհանվել են ժամը 11-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին): NBC-ն հաղորդում է նաեւ Բոսթոնի օդանավակայանում հենց թռիչքուղուց օդանավի տարհանման մասին:

Նշենք, որ Նյու Յորքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները կրկնակի ահաբեկչությունից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, Բոսթոնում մարաթոնի ժամանակ: Ուժեղացվել է հյուրանոցների եւ այլ հասարակական վայրերի անվտանգությունը: Քաղաքի տարբեր հատվածներում շտապօգնության մեքենաներ են շարվել: Անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել նաեւ Վաշինգթոնում:

Հիշեցնենք, որ Բոսթոնում կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել ապրիլի 15-ին միջազգային մարաթոնի ժամանակ։ Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 3 մարդ, տուժել՝ ավելի քան 170-ը: ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը «համակարգված ահաբեկչական հարձակում» են անվանել: Ահաբեկչության հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: