Հերիք չի՞ ձեզ ծրագրերով կերակրեն. վարչական շրջաններում կան խնդիրներ, որոնք հնարավոր է տեղում լուծել, սակայն տարիներ շարունակ խնդիրները չեն լուծվել: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

«Մենք դա պետք է անենք միասին: Շատ դժվար է գնալ հանդիպել մարդկանց հետ, երբ խնդիրներն այսքան շատ են: Ես այսքան ժամանակ, ոչ մի թեկնածուի մասին վատ բան չեմ ասել եւ չեմ էլ ասելու, բայց գտնում եմ, որ մենք կարող կարող ենք անել ավելին, քանի որ մենք տեսել ենք, որ Երեւանը եղել է լավը: Երեւանն ունեցել է իր ավանդույթները, բայց այսօր երեւանցին ամաչում է ասել, որ երեւանցի է»,- ասաց Արմեն Երիցյանը:

Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ այսօր Հայաստանի ԱԻՆ համակարգը աշխարհում լավագույնների մեջ է եւ անգամ գալիս են Հայաստանի փորձն ուսումնասիրելու: «Ես դա արել եմ իմ թիմի, գործընկերների հետ միասին: Եթե տեսնում եմ աշխատակիցը չարչարվում է, գնում կողքը կանգնում եմ: Եթե չգնամ կողքը չկանգնեմ, իրենք ոչ մի բան չեն անի: Եթե տեսնեն նախարարը վախկոտ է, թամբալ է, աշխատանքից ուշանում է իրենք էլ են այդպես անելու: Նույն ԱԻՆ-ի գործելաոճն անելու եմ Երեւանում»,-խոստացավ Արմեն Երիցյանը:

«Ժողովուրդ ջան, հերիք չի՞ ձեզ ծրագրերով կերակրեն: Ամեն մեկը գալիս մի նենց սիրուն ծրագիր է առաջարկում, որ մի հինգ օր մտածում ես, ուշքի չես գալիս, թե ինչ լավ կյանք են առաջարկում: Տեսել ենք չէ՞, որ կյանքի չի կոչվում: Հիմա առաջարկում ենք, որ միասին անենք: Անելու ենք ու լավ ենք անելու, խոսքերս հիշեք»,- ընդգծեց Արմեն Երիցյանը:

Քանաքեռ-Քեյթունի բնակիչները հարցեր չունեին, իսկ շրջանի պատասխանատուներն առաջնային խնդիրներից առանձնացրեցին պոլիկլինիկայի խնդիրը, Զեյթունի աղբահանության, բազմաբնակարանային շենքերի վերելակների խնդիրը եւ ալն:

Ի դեպ, Արմեն Երիցյանը հիշեցրեց, որ այսօր մեր ոստիկանները նշում են իրենց տոնը եւ ընդգծեց, որ ինքը 30 տարի ծառայել է ոստիկանական համակարգում: «Այսօր ոստիկանությունը փոխվում է եւ կերտվում է ոստիկանի նոր կերպարը: Թե ոստիկանները, թե փրկարարներն այսօր անծանոթ մարդկանց համար պատրաստ են իրենց զոհաբերել»,-ասաց նա: