Պարզվել է Բոսթոնի մարաթոնի ընթացքում իրականացված ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը: Պայթյունի հետեւանքով զոհվել են Բոսթոնի 8-ամյա բնակիչ Մարտին Ռիչարդը, 29-ամյա Քրիսթլ Քեմփբելը Մեդֆորդից եւ Բոսթոնի համալսարանի մի ուսանող: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա Չինաստանի քաղաքացի է, եւ անունը չի հաղորդվում հարազատների խնդրանքով:

Տուժածների թիվը հասել է 183 մարդու: Նրանցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Առնվազն քառասուն մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, շատերին վերջույթների հեռացման վիրահատություն են արել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Բոսթոնում պայթած ռումբերը ինքնաշեն են եղել եւ դրանց մեջ վառոդ  է լցվել, իսկ որպես խոցող տարրեր օգտագործվել են տարբեր մետաղական առարկաներ: Չի բացառվում, որ պայթուցիկ սարքերը թաքցված լինեն աղբարկղերում եւ գործի դրված լինեն թայմերների միջոցով: Այս պահի դրությամբ ծայրահեղական որեւէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Հայտնի չեն նաեւ դրդապատճառները:

Ապրիլի 18-ին Բոսթոնի մայր տաճարում կայանալու է պատարագ, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: