ԵԽ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում նախատեսվել են մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 17-ին, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ  կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

Հայաստանը ԵԽ նախագահության լիազորությունները կստանձնի մայիսի 16-ին: Հենց այդ ժամանակ էլ Ստրասբուրգում կներկայացվեն հայկական կողմի ծրագրած բոլոր գործողություններն ու միջոցառումները: Էդուարդ Նալբանդյանի խոսքով` Հայաստանը կղեկավարվի երեք կարեւորագույն սկզբունքներով. Մարդու իրավունքների պաշտպանությամբ, օրենքի գերակայությամբ, ժողովրդավարությամբ: «Հայաստանի համար ԵԽ նախագահությունը կարեւոր նշանակություն  ունի: Մենք կներդնենք մեր առավելագույն ջանքերը` կազմակերպությունը լավագույն կերպով նախագահելու համար»,- ընդգծել է Էդուարդ Նալբանդյանը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով` ԵԽ-ում Հայաստանի նախագահության ժամանակ նախատեսվել են բազմաթիվ միջոցառումներ խորհրդարանի, ՍԴ-ի եւ ԱԳՆ-ի մակարդակներում: Նախատեսվել է նաեւ եվրոպական քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպումներ իրականացնել: Նաեւ ծրագրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ստրասբուրգ: Կարեւորագույն միջոցառումներից մեկը կլինի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ցուցադրությունը Ստրասբուրգում: