Թուրքիայի տարածքում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները ապրիլի 22-ից հետո Մուրադ Քարայըլանի հրամանով սկսելու են Թուրքիայից հեռանալու գործընթացը։
Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը նամակի միջոցով Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարությանը հրահանգել է ապրիլի 22-ից հետո զինյալներին դուրս հանել Թուրքիայի տարածքից։
Նամակի բովանդակությունից պարզ է դարձել, որ ապրիլի 22-ին, PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հաղորդագրություն կուղարկի քուրդ զինյալներին՝ Թուրքիայի տարածքը լքելու մասին։
Պարբերականը նշում է, թե դեռեւս Թուրքիայի տարածքում գտնվող 1200 քուրդ զինյալները երկիրը կլքեն 7-10 հոգանոց խմբերով։ Դեպի Իրաք շարժվող քուրդ զինյալների երթուղիները հեռու կլինեն զինվորական կետերից եւ բնակավայրերից։ Թուրքիայից հեռացած PKK-ի զինյալները կտեղավորվեն Թուրքիայի սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Իրաքի Զապ, Հաքուրք եւ Հաֆթանի շրջաններում, որտեղ գտնվում են PKK-ի մայր ճամբարները։
PKK-ի դուրս գալը Թուրքիայի տարածքից հսկելու է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT):
Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։
Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։




























