Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ կբացվի։ Երեւանում ԵԽ գրասենյակի ստեղծման եւ դրա իրավական կարգավիճակի մասին հուշագիրն, այսօր՝ ապրիլի 17-ին, ստորագրել են Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն ու ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
Փաստաթղթերի ստորագրման արարողությանն ու հանդիպումներին հետեւած մամուլի ասուլիսի ժամանակ, արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելած ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը, նշել է այդ իրադարձության կարեւորությունը:
«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք ԵԽ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում նրա ծրագրերը, որը համահունչ է կազմակերպության օրակարգին եւ մոտեցումներին»,- նշել է Յագլանդը` ավելացնելով, որ Հայաստանի նախագահությունը համընկել է ԵԽ-ի համար շատ կարեւոր մի ժամանակշրջանի հետ, երբ պետք է անցկացվեն բարեփոխումներ եւ ընթանան բանակցություններ` մարդու իրավունքների Կոնվենցիային միանալու շուրջ, ինչը ԵԽ-ին կդարձնի ՄԻԵԴ-ի կողմ:
«Դա պատմական իրադարձություն կլինի: Մենք համոզված ենք, որ Հայաստանի նախագահության շրջանում ԵԽ-ն մեծ ձեռքբերումներ կունենա այդ ուղղությամբ»,- ասել է Յագլանդը: Նա նշել է, որ Հայաստանը ԵԽ-ին անդամակցում է արդեն 12 տարի, եւ այդ ընթացքում շատ բաների է հասել, մի շարք ուղղություններով բարեփոխումներ են կատարվել: ԵԽ գլխավոր քարտուղարը բավարարվածությամբ նշել է եվրոպական դիտորդների առաջարկությունների կատարման եւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը հետաքննելու համար նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության իրականացման համար աշխատանքային խմբի ստեղծման մասին: «Մենք շատ բան ենք ակնկալում ԵԽ-ում Հայաստանի նախագահությունից»,- ընդգծել է Յագլանդը` ընդգծելով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Ինչպես իր հերթին հայտարարել է էդուարդ Նալբանդյանը, ԵԽ-ին անդամակցելու ժամանակահատվածում Հայաստանը մեծ ձեռքբերումներ է ունեցել բարեփոխումներ իրականացնելու, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ասպարեզներում: Նրա խոսքով` հանդիպման ընթացքում նշվել է 2012-14 թվականների գործողությունների իրականացման կարեւորությունը: Էդուարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի, միջազգային հանրության եւ միջնորդների ներդրած ջանքերը:




























