Ռուսաստանի մշակույթի նախարարության, ԱԳՆ-ի, Սանկտ-Պետերբուրգի կառավարության մշակութային կոմիտեի եւ «Թատերական գործիչների միության» հովանավորությամբ Սանկտ-Պետերբուրգում, ապրիլի 9-14-ին, կայացել է ռուսալեզու թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» 15-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաեւ Երեւանի Կ. Ստանիլավսկիի անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնը:

Երեւանյան թատրոնը եւ նրա գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ եւ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանն արժանացել են փառատոնի կազմակերպիչների, տարբեր երկրներից ժամանած թատերական գործիչների եւ հանդիսատեսի բարձրագույն գնահատականներին, պարգեւատրվել են մրցանակներով:

Ապրիլի 11-ին Երեւանի Ստանիսլավսկիի անվան ռուսական թատրոնը ներկայացրել է Սերգեյ Դովլատովի պատմվածքներով «Աբամանատ» բեմադրությունը, որը  Ս. Դովլատովի ստեղծագործություներին քաջածանոթ պետերբուրգյան հանդիսատեսը ընդունել է մեծ ջերմությամբ եւ հոտընկայս ծափահարություններով:

Ներկայացումից հետո փառատոնի ղեկավարությունը թատրոնի հյուրասրահում կազմակերպել է երեկո՝ նվիրված երեւանյան թատրոնին, որի ընթացքում ներկա թատերական գործիչները բարձր են գնահատել Ա. Գրիգորյանի բեմադրությունը, նրա վարպետությունը եւ դերասանների ոգեշունց խաղը: