Ես շատ ուրախ եմ Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր նստավայրում ընդունել է Յագլանդին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները եւ Գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում եւ Երեւանում անցկացվելիք միջոցառումները: Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարեւոր հարցերը եւ արդի մարտահրավերները: Երկուստեք կարեւորվել են խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին: