Ռուսաստանում եւ Ուկրաինայում զարգանում է ամուսնական մի ամբողջ արդյունաբերություն, որը զբաղվում է իրենց հայրենիքում սեր չգտած բրիտանացի եւ ամերիկացի տղամարդկանց հարսնացուներ տրամադրելով: Այդպիսի հաճախորդների համար մշակվել են հատուկ ամուսնական շրջագայություններ: Ծանոթության շուկան անվանում են cattle market, որը բառացիորեն թարգմանած նշանակում է անասնաշուկա: Միայնակ տղամարդիկ այդպիսի շրջագայությունների համար պատրաստ են ներդնել 1,5-ից 3 հազար ֆունտ սթերլինգ, գրում է The Daily Mail-ը:
Տղամարդկանց հավաստիացնում են, որ նրանք 11 օրվա մեջ կհանդիպեն հինգ անգամ ավելի շատ կանանց, քան հանդիպել են 5 տարվա ընթացքում, եւ որոնք երկու անգամ ավելի երիտասարդ կլինեն:
Սովորաբար նման միջոցառումների ժամանակ 15-25 հաճախորդներ հանդիպում են 150-250 կանանց:
Այդ շրջագայության մասնակից տղամարդիկ ցանկանում են հանդիպել ռուս կամ ուկրաինացի այնպիսի կնոջ, ով լավ դաստիարակված է, պատրաստ է հոգ տանել ամուսնու մասին, օրինակելի տնային տնտեսուհի է եւ կապված է տան եւ երեխաների հետ: Ընդ որում ծերացող եւ ճաղատացող փեսացուները ցանկանում են նաեւ, որ կանայք լինեն «սեքսուալ»: Բայց դատելով մի քանի լուսանկարներից, որ տարածվել են համացանցում, կանայք այդ միջոցառումներին այնքան բաց են հագնված, որ այդ հանդիպումների ժամանակ նրանց կարելի է անվանել «էսկորտ ծառայություն» մատուցողների:































