Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվելու են զբոսաշրջային եւ բնակելի գոտիներ, բայց մինչեւ նախագծային ողջ աշխատանքը չվերջանա՝ Ջերմուկում հողեր չեն հատկացվելու։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ նշելով, որ մինչեւ մայիս կազմվելու է զբոսաշրջային քաղաքի եւ հարակից տեղանքի թվային եռաչափ մանրակերտը։ Ջերմուկի զբոսաշրջային հնարավորությունների հետազոտական աշխատանքի ծախսերը կազմելու են մոտ 200 հազար եվրո։ «Գումարի կեսը հատկացնելու է կառավարությունը, իսկ մյուս մասը՝ Ջերմուկի քաղաքապետարանը»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ թվային մանրակերտը ստեղծելուց հետո այնտեղ կնշվեն քաղաքի հատուկ գոտիները, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման ուղիները։ Երիցյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ այցելել են Շվեյցարիայի մի քանի զբոսաշրջային քաղաքներ՝ ուսումնասիրելու զբոսաշրջության ոլորտում նրանց փորձը։ Ըստ նրա՝ այցելության ընթացքում պարզվել է, որ շվեյցարացիները ճոպանուղիների օգտագործման նոր չափանիշներ են մշակել, ինչի արդյունքում ճոպանուղիները պետք է փոխարինվեն նորերով։ «Կարելի է այնտեղից ապամոնտաժել քանդման ենթակա ճոպանուղիները եւ տեղադրել մեզ մոտ»,- ասա Երիցյանը՝ ավելացնելով, որ Շվեյցարիայում քանդման ենթակա ճոպանուղիներ կան, որոնք դեռ 10 տարի կարող են աշխատել։