Հայաստանում հանքարդյունաբերությունը 2004–2010 թթ. նպաստել է տնտեսական աճին, միաժամանակ ստեղծելով եկամուտների անհամաչափություն եւ աղքատություն: Այդ մասին են վկայում վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան շրջակա միջավայրի կենտրոնի կողմից:
Ինչպես տեղեկացնում է «Asbarez»-ը, գլխավոր հետազոտող դոկտոր Ալեքսանդր Գրիգորյանը քննարկում է տարածաշրջանային տվյալներն ու հաշվետվությունները, ըստ որոնց հանքարդյունաբերությունը որոշ դրական ազդեցություն է ունենում տնտեսության աճի վրա: «Դա հաստատում է լեռնարդյունաբերության կողմնակիցների այն պնդումը, թե այն անհրաժեշտ է Հայաստանի տնեսության աճի համար»,-ասում է ՀԱՀ տնտեսության ամբիոնի դոցենտ Ա. Գրիգորյանը:
Սակայն նրա վերլուծությունը նաեւ ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունը նպաստում է աղքատության մակարդակի աճին եւ ավելացնում է եկամուտների անհավասարությունը: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն աղքատությունը խորացնում է Հայաստանի մարզերում»,-ասում է Ա. Գրիգորյանը:



























