Ֆրանսիական «Nouvelles d’Arménie» ամսագրի էջերում հայտնվել է Ժան Էկյանի «Ղարաբաղյան հակամարտության վերլուծություն» հոդվածը, որում նա անդրադարձել է Պատրիկ Պեսնոյի՝ «France Inter» ռադիոյով հեռարձակված «Հանդիպում X-ի հետ» ծրագրին։

Հեղինակը ընթերցողների հետ կիսվում է տպավորություններով. «Ղարաբաղյան հակամարտություն. Ղարաբաղը հայկական անկլավ է Ադրբեջանի ներսում։ Փոքրիկ, ոչ մի հարստություն չունեցող երկիր, որը, սակայն, մի կողմից գտնվում է Եվրոպա տանող գազային եւ նավթային ճանապարհների խաչմերուկում, մյուս կողմից՝ ամենաիսկական ազգայնական մշակույթների արգանակ հանդիսացող կովկասյան տարածաշրջանում։ Մենք դա տեսել ենք Չեչնիայում, Ինգուշիայում, Օսիայում եւ վերջերս նաեւ Վրաստանում։ Սա իրենից ռազմավարական կարեւորություն ներկայացնող տարածաշրջան է։ Գտնվելով Ռուսաստանից հարավ՝ տարածաշրջանը Կենտրոնական Ասիայից Բալկաններ ձգվող ճանապարհի վրա է։ Այլ կերպ ասած՝ գերտերությունները հետեւում են նրա ճակատագրին։ Եվ վերջապես հանգամանք, ինչը կարեւոր է մեր ժամանակաշրջանում, երբ իսլամը ընկալվում է որպես հրեշավոր մի բան. Ղարաբաղը մեծամասամբ բնակեցված է քրիստոնյաներով, այն դեպքում, երբ Ադրբեջանը մահմեդական երկիր է, եւ ոմանք այնտեղ տեսնում են Ալ Քաիդայի ներկայությունը։

Հակամարտությունը ծագել է Խորհրդային Միության անկումից առաջ՝ վերաճելով արյունահեղ պատերազմի, որը տեւել է մինչեւ 1994 թ.-ը։ Դրանից հետո խաղաղություն է հաստատվել, սակայն՝ պայթյունավտանգ խաղաղություն։ Քաղաքական որոշման բացակայության պայմաններում պատերազմը կարող է ցանկացած պահի վերսկսվել՝ ապակայունացնելով ողջ Կովկասը», եզրափակում է հոդվածագիրը։