«Հայաստանում հիպոթեկային շուկան սաղմնային վիճակում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ դասախոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Այսօր իրականացվող շինարարության կեսից ավելին բնակշինարարությունն է, բայց վերջին 3-4 տարիների ընթացքում տարեկան շահագործման է հանձնվել ընդամենը 2 հազար հատ տուն, ինչը ծիծաղելի թիվ է»: Նրա խոսքով, Հայաստանում բնակելի տների քանակը հասնում է 700 հազարի, որի պարագայում բնական վերարտադրություն ապահովելու համար պետք է շահագործման հանձնվի տարեկան մոտ 14 հազար բնակելի տուն, այնինչ այդ թիվը կազմում է 2 հազար:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում կառավարությունը հայտարարում է, թե հիպոթեկային շուկան զարգանում է, որ արդեն սկսել են երիտասարդներին տներով ապահովել, Բ. Ասատրյանն ասաց. «Այդ հայտարարությունները չեն տեղավորվում առկա իրողությունների մեջ, երբ վիճակագրական տվյալներով, տարեկան ընդամենը 2 հազար տուն է շահագործման հանձնվում: Բացի այդ, հիպոթեկային գործարքների 80 տոկոսը կեղծ գործարքներ են, եւ դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այսինքն եթե Ձեզ վարկ է պետք եւ ուզում եք նորմալ տոկոսով ստանալ, պայմանավորվում եք Ձեր մտերիմի հետ եւ վարկը ձեւակերպում եք որպես հիպոթեկ»: