Փետրվարի 18-21-ը Միլանում տեղի ունեցող BIT զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
BIT ցուցահանդեսում ներկայացված են եղել 140 երկրներ, այն զբաղեցրել է շուրջ 57.000 քմ ցուցադրական տարածք և 9 սրահ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թուրքիայի և Ռուսաստանի տաղավարների անմիջական հարևանությամբ գտնվող «Ղարաբաղ»-ի տաղավարը, ուր ներկայացված էին Արցախի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը, արժանացել է կազմակերպիչների և այցելուների մեծ ուշադրությանը: Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսի այցելուների թիվն այս տարի եղել է մոտ 200 հազար մարդ:
ԼՂՀ պատվիրակությունը ղեկավարել է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:



























