Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 116 տարեկան: Ճապոնիայի բնակիչ Ձիրոեմոն Կիմուրան, ով ծնվել է Ճապոնական կայսրությունում 1897 թվականի ապրիլի 19-ին, դեռ մինչեւ ռուս-ճապոնական պատերազմը, պաշտոնապես համարվում է ոչ միայն աշխարհի ամենատարեց տղամարդն, այլ աշխարհի ամենատարեց մարդը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Իր 116-ամյակը Կիմուրան պատրաստվում է տոնել ընտանեկան եւ ընկերական շրջապատում: Նա բնակվում է Ճապոնիայի հյուսիսում գտնվող  Կետանգո քաղաքում: Կետանգոյում, որտեղ բնակվում են 60 հազար քաղաքացի, 95 հոգու տարիքը 100-ն անց է: Քաղաքի իշխանությունները նույնիսկ հետազոտություններ են սկսել` պարզելու քաղաքի բնակիչների երկարակեցության պատճառները:

Ինչ վերաբերում է Կիմուրային, ապա նա իր երկարակեցության մասին ասում է. հարկավոր է հետեւել «շատ չուտել եւ ապրել երկար» սկզբունքին: Բացի այդ, ամենատարեց մարդը հազվադեպ է ալկոհոլ օգտագործում եւ չի ծխում: 2011 թվականի ապրիլի 14-ին 113 –ամյա Կիմուրան ամերիկացի 114-ամյա Ուոլթեր Բրյունինգի մահից հետո ճանաչվել է որպես աշխարհի ամենատարեց տղամարդը: 2012 թվականի դեկտեմբերի 17-ին 115 տարեկան եւ 242 օրական Կիմուրան ամերիկուհի Դինա Մանֆրեդինիի մահից հետո դարձել է ամենատարեց մարդն աշխարհում: Կիմուրան 1900 թվականից առաջ ծնված եւ ներկայումս ապրող վերջին տղամարդն է: