Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության թալանի մասնակիցների վերաբերյալ նոր փաստերը կցվել են Հատուկ քննչական ծառայությունում քննվող սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերությանն առնչվող քրեական գործին:
Այս կապակցությամբ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունում նշվում է.
«Խոսքը վերաբերում է գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 5-ին Հատուկ քննչական ծառայություն ուղարկված դիմումում ներկայացված նոր փաստերին, որոնք առնչվում են ինչպես Խուդյանի հիմնադրած ընկերության փայատեր ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ մյուս փայատեր Ղեւոնդ Ղալումյանին:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հայտնում են, որ Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի գրությունը կցվել է քրեական գործին եւ ինչպես գրության մեջ նշված, այնպես էլ քրեական գործով պարզաբանման ենթակա բազմաթիվ հանգամանքների շուրջ իրականացվում է համապատասխան նախաքննություն:
Նշենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հիմնադիր եւ մասնակից, Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը քրեական գործի ներկա փուլում, ձեռքի տակ ունենալով քրեական գործի հետ առնչվող, այդ թվում նոր ձեռք բերված փաստաթղթեր, քրեական գործի քննությանը օժանդակելու նպատակով ապրիլի 5-ին ՀՔԾ պետ Միրզոյանի անունով դիմում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն` խնդրելով վարույթն իրականացնող պաշտոնատար անձի ուշադրությունը հրավիրել դիմումում ներկայացված փաստերի վրա: Իսկ այդ փաստերով հիմնավորվում են մի շարք դրվագներ: Մասնավորապես այն հանգամանքը, որ Վլադիսլավ Մանգասարյանը 18.06.2010թ.-01.10.2010թ. ժամանակահատվածում ընկերությանը պատկանող ավելի քան 4.500քմ տարածք է օտարել, իսկ սնանկության գործով`մոտ 2000քմ տարածք է ձեռք բերել, որի մի մասն օտարել է, իսկ մնացածը գրավադրել «Հայբիզնեսբանկում»: Այն հանգամանքը, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի մյուս փայատեր Ղեւոնդ Ղալումյանը 2007թ.-19.06.2009թ. հունիս ամիսներին, երբ փաստացի ինքն է ղեկավարել ընկերությունը, գնորդների կողմից վճարված գումարների մի մասի`1մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.725.850 ՀՀ դրամի չափով կեղծ փոխառության պայմանագրեր է կնքել ընկերության հետ եւ հետագայում համապատասխան չափի գումարներ է հետ ստացել: Ստացվում է, որ իրական գնորդների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության հաշվին, սակայն դրանցից 333.725.850 ՀՀ դրամը ձեւակերպում է ստացել, որպես Ղալումյանի կողմից տրված փոխառության: Մինչ 2009թ. հունիս ամիս Ղալումյանը «հետ է ստացել» 333.725.850 ՀՀ դրամը, իսկ այդ գումարները վճարած քաղաքացինների մի մասն այդպես էլ բնակարան չի ստացել: Արդյունքում, գնորդներից ու ընկերությունից բացի, նաեւ պետությանն է առանձնապես խոշոր չափերի վնաս հասցվել, քանի որ հարկերը հաշվարկվել են, ոչ թե իրական գնորդի կողմից վճարված գումարի չափով գործարքի, այլ` նախնական պայմանագրերի հիման վրա կնքված հիմնական պայմանագրերի հիման վրա: Ղալումյանը հավելյալ շահույթ է ստացել նաեւ բնակարանների վաճառքից մոտ 450.000 Ամն դոլարն ընկերությանը չվճարելու ձեւով:
ՀՔԾ ներկայացված փաստերով հիմնավորվում է նաեւ, որ Երեւանի քաղաքապետի 06.05.2010թ. որոշմամբ, ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեից, որպես` Մաշտոցի 33/3 հասցեով առանձնացվել են ավտոկայանատեղիները եւ նույն օրը ընկերության տնօրեն Եսայանի կողմից իրավունքների գրանցման դիմում է ներկայացվել կադաստր, սակայն այդ հասցեի եւ գույքի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան, այդ թվում` սնանկության վարույթով: Իսկ կադաստրից ստացված տեղեկատվության համաձայն` այդ տարածքների նկատմամբ որեւէ մեկի իրավունք գրանցված չէ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայություն է տեղափոխվել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով` հարուցված քրեական գործը: Թե 2 տարի ՊԵԿ քննչական ծառայությունում նախաքննված եւ հիմա արդեն ՀՔԾ ուղարկված քրեական գործով նախաքննությունը ընդհանրապես ինչ ընթացք է ստանում ՀՔԾ-ում եւ մինչ օրս ինչ գործողություններ են ձեռնարկվել նախաքննության շրջանակներում` հնարավոր չեղավ պարզել: ՀՔԾ-ից նախաքննության ընթացքի հետ կապված փոխանցում են միայն հետեւյալը. << ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի կարգով կատարվում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկիվ նախաքննություն»:




























