Փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Ժասլան Նուրթազինը (Ղազախստան):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: