Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հանրությանը տրամադրում է տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կեղծ են: Այդ մասին փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է գործարար, ներկայումս քր.օր-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով մեղադրվող Սարիբեկ Սուքիասյանի՝ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր պաշտպան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով ոստիկանապետի օրերս արած հայտարարությունները «ՍԻԼ» կոնցեռնի վրա կատարված հարձակման վերաբերյալ:

Նազարյանը հայտարարել էր, թե ոստիկանությունը գործողության ժամանակ որեւէ օրինախախտում չի արել: «Կամ նրան են խաբել իր ենթակաները, կամ ինքն է թյուրիմացության մեջ գցում հանրությանը, երկու դեպքում էլ դա քաղաքի ոստիկանապետին պատիվ չի բերում»,- նկատեց Լուսինե Սահակյանը:

Վերջինս անդրադարձավ Նազարյանի մեկ այլ հայտարարությանը, թե Սարիբեկ Սուքիասյանն իր ընկերն է, եւ հայտնեց, որ իրենց պաշտպանյալը (Սարիբեկ Սուքիասյանը-NEWS.am) խնդրել է փոխանցել, որ Նազարյանի հետ որեւէ ընկերական հարաբերություն չունի:

Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին եւ Արտաշ Ստեփանյանին ձերբակալել են փետրվարի 12-ին՝ մեղադրելով մահվան սպառնալիքի տակ անձից ստորագրություն կորզելու մեջ: Հատուկջոկատայինները ներխուժել էին «ՍԻԼ կոնցեռն» եւ կոտրելով դռները, բերման ենթարկել Սուքիասյանին: Փետրվարի 15-ին Սուքիասյանին եւ Ստեփանյանին ազատ էին արձակել, իսկ 19-ին անձի առեւանգման մեղադրանք ներկայացրել:

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը եւ նրա ընտանիքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ աջակցեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից հետո նրանց նկատմամբ հետապնդումներ սկսվեցին: