«Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում պատասխանել է ՀՅԴ նախընտրական շտաբի հայտարարությանը.

«Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է /բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում/, գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է` համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձեւակերպումներով:

ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանի կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին /որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, եւ եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը/ պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ: Դա միայն ճաշակի եւ ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, եւ շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաեւ պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից` ՀՅԴ-ը կամ նրան հարող որեւէ ընկերություն ինչպիսի եւ ինչքան առնչություն ունեն նստարանների` ֆորմալ հայտարարվող գնի հարցում: Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին... Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ: Չեմ իջնելու այդ մակարդակի, չեմ արդարանալու ու ապացուցելու «որեւէ պատվերի բացակայություն», քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք եւ ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որեւէ հայտարարություն որեւէ թեմայով, եւ չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով: ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն»,-ասված է Ստյոպա Սաֆարյանի գրառման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ նախընտրական շտաբն արձագանքել էր Ստյոպա Սաֆարյանի մեկ այլ ֆեյսբուքյան գրառմանը, նշելով. «Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը, նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին՝ տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաեւ նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմի՛ր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է՝ իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս՝ թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:

Հարգելի՛ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»:

Իսկ դրանից ժամեր առաջ Սյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել էր.

«Հարց ՀՅԴ ընկերներին:

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երեւան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի/կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ եւ ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» /այլ ոչ թե ատկատչիկ/:

Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով»: