Ոստիկանության նոր հաղորդագրություն է տարածել՝  Գյումրիում աղմկահարույց կրակոցների հետ կապված:

Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ եւ 1 կրակված գնդակ:

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի որդին է, ձերբակալված է:

Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ: 

NEWS.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկանությունում է Վարդան Ղուկասյանը: Նրա հարազատների բնակարաններում խուզարկություններ են կատարվում:

Հիշեցնենք, որ Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է:

Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: