Էրեբունցիները միշտ փայլել են իրենց դուխով, տղայական կողմերով, բայց այսօր գալիս են մեր աղջիկների ձեռքից բուկլետներ են խլում. Է, ավելի լավ չի՞ այդ տղա կոչեցյալները գետինը մտնեն: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին, Նուբարաշեն թաղամասի բնակիչերի հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը՝ նկատի ունենալով նախօրեին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների վրա կատարված հարձակումը:

«Ես երեւանցի եմ ու երբեք վախկոտ չեմ եղել ու ծնկաչոք չեմ կանգնել: Էսպես եք արել, որ վիճակներս սա է, որ վախենում ենք բոլորից: Եվ հանցագործներից ենք վախենում եւ ղեկավարներից: Բոլորից էլ վախենում եք: Եթե ընտրել եք ավագանիներ, ստիպեք, որ իրենք աշխատեն, այլ ոչ թե որպես պապայի բալիկներ հանդես գան, այստեղ-այնտեղ ցույց տան, որ իրենք էսօր տղա են: Չկա ըտեղ տղա: Ես առաջարկում եմ, եթե իրենց ընտրել եք, ուրեմն պարտավոր եք ստիպել  եւ ասել. «Աշխատի, տղա ջան»: Ինչ պետք է անեն իրենք ձեզ հետ, ոչ մի բան: Մենք պետք է ստիպենք թաղապետերին, որ իրենք աշխատեն, կապ չունի, որ կուսակցությունից է»,- ասաց Արմեն Երիցյանը:

Նա առաջարկեց, որ ով էլ ընտրվի քաղաքապետ, մյուսները համախմբվեն նրա շուրջ: «Ես կընտրվեմ, մյուսները թող կանգնեն իմ կողքին: Եթե երեւանցի են, սիրտները ցավում է մեր Երեւանի համար, թող գան կանգնեն միասին կանենք: Ինչքան խնդիրներ կան էստեղ, ջրի, շենք-շինությունների հետ կապված: Էս աղբանոցը, որ ամեն անգամ գալիս կողքով անցնում ես, ոնց որ խոլերայի բուն լինի: Ո՞վ ա դա անելու, եթե ոչ երեւանցին:

Վախենում եք, որովհետեւ մի 5-10 հազար դրամ ինչ-որ մեկից կարողա վերցնեք: Եվ, որ տեսնի այստեղ ես եկել  քեզ այդ գումարը չի տա: Մի ծախվեք: Կարող եք փողերը վերցնել, բայց մի ծախվեք երբեք: Այս ամենը, որ տեսնում եմ հիասթափվում եմ, որ ինքս երեւանցի եմ: Չի կարելի է այդպես անել, այդքան վախկոտ լինել: Մինչեւ ուր եք գնալու այսպես վախենալով»,- հարցրեց Արմեն Երիցյանը:

Նա առաջարկեց երեւանցիներով համախմբվել խնդրին լուծում տալու համար: «Բայց, եթե ոչ ոք, ապա ո՞վ: Ո՞վ պետք է էս Երեւանը կարգի բերի: Առաջարկում եմ երեւանցիներով համախմբվել եւ ասել մենք երեւանցի ենք ու հպարտ ենք: Հիմա ես առաջարկում եմ ընտրվելու դեպքում եռամսյակը մեկ հանդիպել: Այս անգամ էլ կարող ա ինձանից վախենա՞ք: Հետո՞, հո վախենալով չի: Թաղապետն ո՞վ է, որ վախենում եք: Հլը եկեք մտածենք, ինչ պետք է անի ձեզ թաղապետը: Տղայականով վախացնի, մարդ ուղարկի ծեծի՞: Կամ թաղի լակոտ-լուկուտները որ կան: Անգամ որպես հանցագործ իրենք չեն կարողանում կայանալ եւ  մենք դրանցից վախենում ենք: Ես վիրավորված եմ իսկապես վիրավորված եմ»,- դժգեհեց Արմեն  Երիցյանը  եւ առաջարկեց համախմբվել եւ երեւանցու նամուսն ու թասիբը վերականգնել: