Գյումրիում, այսօր՝ ապրիլի 23-ին, կրակոցներից սպանված Արտյոմ Կարապետյանի («Շեկո»)  եւ վիրավորված Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») գործով ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից, ինչպես նաեւ փոխանցեցին, որ Վարդան Ղուկասյանի հետ բերման է ենթարկվել եւս մոտ 20 անձ: Այս պահին, այլ տեղեկություններ չկան:

NEWS.am-ը զանգահարեց նաեւ Վարդան Ղուկասյանին, ով լսելով հարցը, արձագանքեց. «Դուք ինձ ընդհանրապես զանգ չտաք» ու անջատեց հեռախոսը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված Արտյոմ Կարապետյանը գրեթե միշտ ուղեկցել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատեցին նրանց մոտ կանգնած աղբյուրները: Ըստ այդմ, «Շեկոն» վայելել է գյումրեցիների հարգանքը, «Քավոր Հարութին» էլ են շատ հարգում ու սիրում, ով Մարտուն Գրիգորյանի մահացած հորեղբոր երեխաների քավորն է:

«Մինչեւ երբ մարդը պետք  է արժեք չունենա Գյումրիում: Դեպքից հետո ավտոմատներով կանգնած են: Տղեն մեռավ, հիմա եկել են ինչ: Վաղն էլ մյուս օրն էլ մեկ ուրիշը կլինի»,- դժգոհել են գյումրեցիները: Իսկ Մարտուն Գրիգորյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:  Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ եւ 1 կրակված գնդակ:

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի որդին է, ձերբակալված է: Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ: 

NEWS.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկանությունում է Վարդան Ղուկասյանը: Նրա հարազատների բնակարաններում խուզարկություններ են կատարվում:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: