Ապրիլի 23-ին Իրաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների եւ ոստիկանության հետ բախումների արդյունքում 54 մարդ է մահացել:

Քիրքուքի մերձակայքում գտնվեղ Էլ-Հուվեյջ բնակավայրում տեղի ունեցած ցույցը ցրելու ժամանակ մոտ 30 մարդ է մահացել: Ոստիկանները ներխուժել են վարչապետի վարած քաղաքականության դեմ դուրս ելած սուննիների վրանային ճամբար: Ականատեսների խոսքով` երկու կողմերն էլ դիմել են հրազենի օգնության:

Ավելի ուշ Իրաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Թիքրիթ եւ Սամարա քաղաքներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, ապրիլի 23-ին Իրաքի սուննի համայնքի դեմ երկու ահաբեկչություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել առնվազն 13 մարդ, մոտ 40 մարդ վիրավորվել է:

Ավելի լուրջ հարձակում է տեղի ունեցել երկրի արեւելյան շրջանի Մուկտադիա քաղաքում: Ամենօրյա աղոթքի ժամանակ տեղի մզկիթի շենքի վրա երկու ականանետային ռումբ են արձակել: Պայթյունի հետեւանքով 9 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել:

Դրանից մի քանի ժամ առաջ` առավոտյան աղոթքի ավարտից հետո, երբ սուննիները հեռանում էին մզկիթից, նրանց ճանապարհին երկու ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել: Պայթյունի զոհ է դարձել եւս 4 մարդ, 14 մարդ էլ  հիվանդանոց է տեղափոխվել: